
Նոյեմբեր 8-ին ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրում «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ անցկացվեց լսումներ «Լոռիբերդ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծի վերաբերյալ, որն անցավ բավականաչափ թեժ մթնոլորտում։ Եղան քաշքշուկներ ՀԷԿ-ի կառուցման կողմնակիցների ու ընդդիմախոսների միջև։
«Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի ներկայացուցիչները ներկայացրին ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը։ Նշվեց, որ նախատեսվող ՀԷԿ-ի հզորությունը կկազմի 26,7 ՄՎտ, տարեկան կարտադրի 110 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Ճնշումային խողովակաշարի ընդհանուր երկարությունը կլինի 10,5 կմ, 2,8 մ տրամագծով։
Սա արդեն երկրորդ ՀԷԿ-ն է «ՁորաՀԷԿ» ՀԷԿ-ից հետո, որի հզորությունը գերազանցում է փոքր ՀԷԿ-երի համար նախատեսված 10 ՄՎտ շեմը: ՀՀ կառավարության 2011 թ. սեպտեմբերի 8-ի N 1300-Ա որոշմամբ փոքր ՀԷԿ-երի հզորության վերին շեմը բարձրացվեց 30 ՄՎտ-ի՝ նախկին 10 ՄՎտ-ի փոխարեն:
Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ հիդրոէլեկտրակայանի կառուցումը աշխատատեղեր կստեղծի տեղի բնակիչների համար, նշվում է, որ շինարարական աշխատանքներում տեղի բնակիչներից 40-50 մարդ աշխատանք կունենա։ Բացի այդ, պատրաստ են նաև համայնքում սոցիալական ծրագրեր իրականացնել։
Աշխատատեղերի հեռանկարը որոշ գյուղացիներ գրավիչ են համարում, ասում են՝ եթե վնաս չի լինելու, համաձայն են, որ ՀԷԿ-ն աշխատի, այդպիսով իրենց երեխաները չեն մեկնի արտագնա աշխատանքի։ Սակայն ոչ բոլորն են այդ կարծիքին։ Բնակիչներից ոմանք էլ ասում են, որ մի քանի աշխատատեղերի պատճառով չեն ցանկանցում խաթարել մի քանի գյուղի ճակատագիրը։ Ասում են՝ Ձորագետի վրա ՀԷԿ-ի կառուցումը լուրջ բնապահպանական խնդիրներ է ենթադրում։ Գետի ջրի ավելի քան 60 տոկոսը խողովակների մեջ առնելով՝ կամայանա Ձորագետի կիրճը, կպակասի հողերի խանավությունը, կխախտվի բնության էկոհավասարակշռությունը։ Այն դեպքում, երբ տարեց տարի ավելի ու ավելի մեծ թվով զբոսաշրջիկների է գրավում այս տարածաշրջանը։ Հենց Կուրթանի ձոր եկող զբոսաշրջիկներն են այցելում նաև հարևան Վարդաբլուր, Ամրակից։ Ասում են՝ այս գյուղերում զբոսաշրջության զարգացման լայն հեռանկարաներ կան․ պատմամշակութային հուշարձաններ, գեղատեսիլ բնություն։ Հենց այդ ամենը հաշվի առնելով է, որ նշված գյուղերում զբոսաշրջության զարգացման ծրագրեր են կազմվում։
Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրին, որ ՀԷԿ-ի խողովակները գետնի տակով են անցնելու՝ վնաս չհասցնելով միջավայրին: Սակայն «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը նշում է, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀԷԿ-երում վթարների 80 տոկոսը սովորաբար լինում է հենց ջրատար խողովակների վրա։ «Արգիճի ՀԷԿ-ի խողովակները 5 անգամ վթարվել են՝ փչացնելով գյուղատնտեսական հողերն ու բերքը: Կարտոֆիլի ամբողջ բերքի ոչնչացման համար գիտե՞ք ինչքան փոխհատուցում են տվել ամեն մեկին: 40000 դրամ»,- օրինակ բերեց տիկին Զարաֆյանը՝ հետաքրքրվելով, թե ընկերությունը պատրա՞ստ է, արդյոք, ապահովագրելու բնակիչների հողերը եւ ունեցվածքը, երբ երաշտը մեղմելու համար ոռոգման ջուր չլինի: Իսկ ոռոգման ջրի խնդիր այս պահին էլ առկա է։
Ընկերության ներկայացուցիչներն ասացին, որ արհետավարժ թիմ ունեն, սակայն չխոսեցին հնարավոր վնասների մասին, քանի որ դրանք դեռ չեն հաշվարկել։ Նման հաշվարկներ նախատեսում են իրականացնել համայնքներում նախնական համաձայնություն ատանալուց հետո, երբ ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գործընթաց) գործընթաց սկսվի։ Սակայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը պահանջեց հանրությանը տեղեկացնել հնարավոր վտանգների մասին: Ինչն այդպես էլ չարվեց։ Ի պատասխան այդ հարցի «Գիդէպինվեստ» ՍՊԸ տնօրենը նշեց, որ իր նախագծով հիդրոկայան է կառուցվել նաև Չեչնիայի նախագահ Կադիրովի պատվերով։
Օլեգ Դուլգարյանի խոսքով, Գյուլագարակի համայնքապետարանն ունի բոլոր անհրաժեշտ հիմքերը լսումների վերաբերյալ բացասական եզրակացություն ներկայացնելու համար. «Կուրթան գյուղում իրականացված լսումների մասնակիցների միջեւ տեսակետները բաժանված էին երկու մասի՝ կողմ եւ դեմ, սակայն հնարավոր չէ պարզել, թե մեծամասնությունը կողմ է, թե՞ դեմ ՀԷԿ-ի բացմանը։ Երկրորդը՝ Վարդաբլուր եւ Գյուլագարակ գյուղի բնակիչները տարակուսում էին, որ իրենց կարծիքը ոչ ոք չի հարցնում ՀԷԿ լինել-չլինելու վերաբերյալ: Այնինչ, իրենց գյուղերի բնակչության մեծամասնությունը դեմ է, հատկապես մտահոգված են տուրիզմի զարգացման հեռանկարներով։ Մի խոսքով՝ համայնքի բնակիչները արդարացիորեն պնդում են, որ ՀԷԿ ազդեցության բնակավայրեր են նաեւ Գյուլագարակը, Վարդաբլուրը եւ Ամրակիցը, ուստի առանց իրենց կարծիքը լսելու ՀԷԿ-ի վերաբերյալ դրական եզրակացության ներկայացումը արդարացված չի»։ Օլեգ Դուլգարյանը նշում է նաեւ, որ համայնքի բնակիչները լավ չեն իրազեկված ՀԷԿ կառուցման դրական կամ բացասական ազդեցության վերաբերյալ:
Նշենք, որ 67 կմ երկարություն ունեցող Ձորագետ գետի վրա շահագործվում է ևս 3 ՓՀԷԿ՝ «Ձորագետ 5», «Ձորագետ 6», «Կաթնառատ»:

